Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պաուլո Կոելյո. Հումին, որ միշտ ուզում էր ավելին

Պաուլո Կոելյո. Հումին, որ միշտ ուզում էր ավելին
24.12.2012 | 11:18

Ավանդությունների գեղեցկությունը` որ ժամանակի ու տարածության միջով ձեռք են բերում նոր գծեր ու դառնում են խմբային ենթագիտակցության սեփականություն: Չգիտեմ` պատմությունը, որ պատրաստվում եմ պատմել, իրոք տեղի՞ է ունեցել Ճապոնիայում: Ինձ պատմել են Ծննդյան տոների գիշերը, երբ նստած էի բուխարու առաջ ու նայում էի ներսում գալարվող կրակին: Ինձ թվում է` պատմությունը մարդու մասին, որ չի հասկանում բուն կյանքի արժեքը, տենչում է մեծություն ու մոռանում վեհության մասին, հետաքրքիր օրինակ կդառնա նրանց համար, ովքեր որոնում են իրենց երազանքի մարմնավորումը:

Շատ տարիներ առաջ Հոկայդո կղզում ապրում էր Հումի անունով պատանին: Նա օրվա հացը վաստակում էր քար մշակելով: Երիտասարդ էր ու առողջ, բայց իրեն համարում էր դժբախտ ու անընդհատ բողոքում էր իր ճակատագրից:
Հումին այնքան էլ լավ չգիտեր քրիստոնեական կրոնը, բայց նրան հայտնի էր, որ ցանկացած մարդու երազանքները տարին գոնե մեկ անգամ կատարվում են: Մի անգամ Ծննդյան տոներին նա այնքան անկեղծ աղոթեց, որ ի զարմանս նրա հրեշտակը եկավ իր մոտ:
-Դու լավ առողջություն ունես և առջևում քեզ սպասում է դեռ շատ երկար կյանք,-ասաց նրան հրեշտակը,-քո տարիքի բոլոր երիտասարդները ինչ-որ գործ պիտի անեն: Դու ինչու՞ ես անընդհատ բողոքում:
-Աստված իմ նկատմամբ անարդար էր և չտվեց ինձ որևէ հնարավորություն, որ ես ինչ-որ բանի հասնեմ,-պատասխանեց Հումին:
Պատանու ճակատագրով անհանգստացած հրեշտակը գնաց Աստծո մոտ և օգնություն խնդրեց, որ իրեն վստահած Հումին հավատն իսպառ չկորցնի:
-Թող քո ասածը լինի,- ասաց Տերը,-այսօր Ծննդյան տոնն է և թող ինչ Հումին ցանկանա, իրականություն դառնա:
Հաջորդ օրը Հումին սովորականի նման քար էր հղկում և այդ պահին տեսավ կողքից անցնող հարուստին, ում հագուստն ու ձեռքերը զարդարված էին թանկարժեք քարերով: Քրտինքն ու փոշին դեմքից մաքրելով` Հումին դառնությամբ ասաց.
-Ինչու՞ չեմ կարող ես հարուստ լինել: Իմ կամքը հենց դա է:
-Թող այդպես լինի,-մեծագույն ուրախությամբ շշնջաց պատանու պահապան հրեշտակը:
Եվ Հումին վերածվեց շքեղ դաստակերտի, հողատարածքների, ձիերի ու ծառաների տիրոջ: Նրան դուր էր գալիս ամեն օր իր շքախմբի հետ շրջել և տեսնել` ինչպես են նրանք, ում հետ դեռ երեկ էր աշխատում, շարվում փողոցի երկայնքով և ակնածանքով իրեն նայում:
Մի երեկո անսովոր տոթ էր և ոսկեզօծ հովանոցի ստվերում պառկած Հումին զգաց, որ ողողվում է քրտինքով ճիշտ այնպես, ինչպես այն օրերին, երբ քար էր տաշում: Հենց այդ ժամանակ նա հասկացավ, որ այնքան էլ կարևոր ու հզոր չէ, ինչպես իրեն թվում էր` իրենից բարձր են իշխանները, տիրակալները, իսկ բոլորի վերևում ոչ մեկին չենթարկվող արևն է: Ուրեմն հենց նա է իսկական տիրակալը:
-Հրեշտակ իմ, ինչու՞ ես չեմ կարող արև լինել: Հենց դա է իմ կոչումը,-տնտնջաց Հումին:
-Թող այդպես լինի,-ասաց հրեշտակը` ջանալով թաքցնել, թե որքան է տրտմած նման փառասիրությունից:
Եվ Հումին արև դարձավ` ինչպես ցանկանում էր:
Նա փայլում էր երկնքում` երանություն զգալով իր անսահմանափակ իշխանությունից, որ կարող է բերքը հասունացնել կամ լրիվ չորացնել, և այդ պահին հեռվում տեսավ սև կետը, որ շարժվում էր իր ուղղությամբ: Սև կետն ավելի ու ավելի էր մեծանում, և Հումին հասկացավ, որ դա ամպ է, շրջապատել է իրեն ու խանգարում է Երկիրը տեսնել:
-Հրեշտակ իմ,-կանչեց Հումին,-ամպն արևից ուժեղ է: Ես ուզում եմ ամպ լինել:
-Թող այդպես լինի,-պատասխանեց հրեշտակը:
Հումիի ցանկությունը կատարվեց և նա ամպ դարձավ:
-Ես հզոր եմ,-բացականչեց նա, իրենով ծածկելով արևը:
-Ես անհաղթելի եմ,-փոթորկվում էր նա` հետապնդելով ալիքներին:
Բայց օվկիանոսի անբառ տարածքի վրա վեր էր խոյանում գրանիտե վիթխարի ժայռը, որ մեր աշխարհի հասակակիցն էր: Հումին վճռեց, որ լեռն իրեն մարտահրավեր է նետում և փոթորիկ բարձրացրեց, որ տեսնված չէր աշխարհի ստեղծումից ի վեր: Ահարկու ալիքները նետվում էին ժայռի վրա` ցանկանալով տեղահան անել ու ընկղմել ջրերի խորքը:
Բայց անկիրք ու ամուր քարը նույնիսկ չշարժվեց տեղից:
-Հրեշտակ իմ,- հեկեկաց Հումին,- լեռը ամպից ուժեղ է: Ես ուզում եմ լեռ լինել:
-Լավ,-պատասխանեց հրեշտակը:
-Ո՞վ կարող հիմա հաղթել ինձ,-հարցնում էր Հումին:-Ես բոլորից ուժեղ եմ այս աշխարհում:
Այդպես շատ տարիներ անցան, բայց մի առավոտ Հումին զգաց, որ իր քարե մարմնի մեջ ինչ-որ բան է խրվում, հետո սուր ցավ զգաց, որը տանջում էր իր գրանիտե մարմինը: Հումին խուլ հարվածներ էր լսում, որոնց հետևեց նոր ու ավելի անտանելի ցավը:
Սարսափահար Հումին ճչաց.
-Հրեշտակ իմ, ինչ-որ մեկը փորձում է ինձ սպանել: Նա ինձնից ուժեղ է և ես ուզում եմ նրա նման լինել:
-Թող այդպես լինի,-հեկեկալով` բացականչեց հրեշտակը:
Այդպես Հումին նորից դարձավ քարտաշ:

Թարգմանությունը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ